Ս․թ․ մարտի 16-ին ՀՀ Կառավարությանն էինք ուղղել բաց նամակ, որում հորդորել էինք շտապ արձագանքել զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների և հատկապես հյուրանոցային տնտեսությունների առջև ծառացած խնդիրներին և ձեռնարկել անահապաղ քայլեր՝ խուսափելու ճգնաժամում գտնվող ոլորտը էլ ավելի ծանր վիճակի մեջ գցելուց։
Մեր առաջարկներից ամենակարևորը և մեր կարծիքով ամենաարդյունավետը կլիներ հյուրանոցային ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հարկային պարտավորությունները հետաձգելը։ Քայլ, որը բազում պետությունների կառավարություններ այդ պահի դրությամբ արդեն իրականացրել էին և որը տվել էր սպասված արդյունք։
Մարտի 16-ից հետո անցել է հարկերի վճարման արդեն երկու վերջնաժամկետ (մարտի 20 և ապրիլի 20)՝ զբոսաշրջային ընկերություններին գցելով էլ ավելի ծանր իրավիճակի մեջ քան նախկինում, և այս ժամանակահատվածում, ցավոք սրտի, մենք ոչ միայն չունեցանք տվյալ խնդրի հանգուցալուծում, այլ անգամ չստացանք պաշտոնական մերժում ՀՀ Կառավարությունից՝ բացատրությամբ, թե ինչու այդ քայլը մերժվեց, և չառաջարկվեց խնդրի այլընտրանքային լուծում։
ՀՀ Կառավարությունը իր կողմից տրամադրվող օգնությունը ձևակերպում է որպես նպատակային օգնություն տվյալ ոլորտին, բայց փաստորեն այդ օգնությունը ծառայում է պետության առջև հարկային պարտավորությունների մարմանը։ Այսինքն՝ նպատակը ոչ թե ոլորտին օգնությունն է, այլ պետական բյուջեի մուտքերի ապահովումը, ինչը իջեցնում է տվյալ միջոցառումների արդյունավետությունը, եթե ոչ ընդհանրապես դրանք զրոյացնում։
Մեր կարծիքով աշխարհի պատմության մեջ զբոսաշրջության համար ամենաավերիչ ճգնաժամի ընթացքում պետության օգնությունը պետք է ուղղվի զբոսաշրջային ընկերությունների, այդ թվում՝ հյուրանոցների աշխատակիցների աշխատավարձի, վարկային պարտավորությունների պարտադիր տոկոսավճարների, կոմունալ ծառայությունների և ընկերությունների համար այլ կենսական վճարների իրականացմանը։
Որոշ ընկերություններ հարկային պարտավությունները վճարելը համարելով իրենց համար ավելի առաջնահերթ՝ այս ընթացքում ստիպված են եղել կրճատել իրենց աշխատակիցներին տրվող աշխատավարձային ֆոնդը, լինի դա աշխատակիցներին հարկադիր պարապուրդի ուղարկելով, արտագնա աշխատակիցներին հետ աշխատանքի չհրավիրելով, կրճատելով այն հաստիքներն, որոնք այս պահին անհրաժեշտ չեն ընկերության առօրյա գործուեության, բառի բուն իմաստով դատարկ հյուրանոցները սպասարկելու համար, կամ ընդհանրապես ընկերության գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցնելով՝ դարձնելով բոլոր աշխատակիցներին գործազուրկ։
Քաջ գիտակցելով, որ ողջ համաշխարհային հանրությունը կատարում է և դեռևս երկար ժամանակ կկատարի քայլեր, որպեսզի փրկի զբոսաշրջային ոլորտը անկումից, մենք պետք է դիտարկենք հարցը երկարաժամկետ կտրվածքով։
Այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կիրառվում է փակ սահմանների քաղաքականությունը, որը գրեթե զրոյի է հասցրել զբոսաշրջության հոսքը բոլոր երկրների համար։ Սակայն որոշ ժամանակ անց բոլոր սահմանները կվերաբացվեն և, ըստ ոլորտի մասնագետների գերակշիռ մեծամասնության, այդ պահից կսկսի զբոսաշրջիկներին դեպի իրենց երկրները գայթակղելու համաշխարհային մրցավազք։ Բոլոր առաջատար պետությունները, որտեղ զբոսաշրջությունը տնտեսության համար ունի գերակա նշանակություն և որոնք ամենաշատն են տուժել այս ճգնաժամից (Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա և այլն) կսկսեն անել ամեն հնարավորը իրենց երկիրը ավելի գրավիչ դարձնելու՝ առանց այն էլ վախից պակասած զբոսաշրջիկների համար, այդ թվում իջեցնելով ծառայությունների գները։
Մեր երկիրը հայտնվել է ավելի ծանր իրավիճակում, քանի որ մենք պրակտիկորեն չունենք ներքին զբոսաշրջություն, որը կապահովեր ոլորտի գոյատևումը։
Հայաստանը տվյալ մրցավազքում չպարտվելու համար պետք է առաջարկի էլ ավելի մրցունակ գներ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ՝ առաջին հերթին հարևան Վրաստանի։
Գների իջեցումը կհանդիսանա հավելյալ դրդապատճառ զբոսաշրջիկների համար ընտրելու Հայաստանը, առանց այն էլ չափազանց մրցակցային հանդիսացող ոլորտում։
Այդուհանդերձ, հասկանալով որ զբոսաշրջային ոլորտը աշխատում է ցածր շահութաբերությամբ և գների հավելյալ իջեցումը կբերի Հայաստանում զբոսաշրջային ընկերությունների մի ստվար հատվածի սնանկացմանը, պետք է նկատի ունենանք, որ ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների համար ամենամեծ բեռը վճարվելիք հարկերն են։ Ուստի, այս գալիք գնանկմանը պետք է պատրաստ լինեն ոչ միայն ոլորտի ընկերությունները, այլև պետությունը՝ իջեցնելով ոլորտի վրա դրված հարկային բեռը։
Կցանկանայինք ուշադրություն դարձնել մեկ կարևոր փաստի վրա․ անգամ մինչև ճգնաժամը Հայաստանում զբոսաշրջության վրա դրված հարկային բեռը մոտ երկու անգամ, եթե ոչ ավելին գերազանցում է Եվրոպական երկրներում կիրառվող հարկային բեռի չափը, այն դեպքում, որ տվյալ երկրներում զբոսաշրջության ոլորտը տասնյակ, եթե ոչ հարյուրավոր անգամ գերազանցում է Հայաստանում նույն ոլորտի գումարային չափը և անգամներով գերազանցում է ՀՆԱ-ում կշռի չափը։
Եթե այդ պետությունները հավելյալ աջակցություն ցուցաբերեն զբոսաշրջային ոլորտին իջեցնելով իր վրա դրված հարկային բեռը, Հայաստանի զբոսաշրջային ոլորտը վերջնականապես դուրս կգա մրցակցությունից բարձր ինքնարժեքի պատճառով։
Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան հորդորում է ՀՀ Կառավարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին․
- Ազատել զբոսաշրջային ընկերություններին բոլոր հարկային պարտավորություններից և պարտադիր վճարներից, որոնք առաջացել են և կառաջանան 2020թ․ մարտի 1-ից մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում,
- 2020թ․ մարտ և ապրիլ ամիսների համար կատարված վճարումները ընդունել որպես կանխավճար,
- 2021թ․ մայիսի 1-ից գործարկել հետճգնաժամային հարկման նոր համակարգ հատուկ զբոսաշրջային ոլորտի համար՝ իջեցնելով բարձր հարկման բեռը և դրանով ապահովելով այսքան տարվա տքնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծված զբոսաշրջության ոլորտի վերականգնումը, և խրախուսելով ոլորտում նոր ներդրումներ և հաջորդող տարիներին երկնիշ աճին վերադարձ։
2021թ․ մայիսի 1-ից կմեկնարկի հաջորդ տարվա զբոսաշրջային սեզոնը, և մենք հուսով ենք, որ մինչ այդ մեր ոլորտը կկարողանա հասնել ծախսածածկման մակարդակի և այդ պահից սկսած կվերադառնա իր բնականոն գործունեությանը։
Խնդրում ենք Ձեր հանձնարարականը՝ մեր դիմումին հրատապ արձագանքելու, հնարավորության դեպքում ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու և բոլորիս առջև ծառացած խնդիրներին սեղմ ժամկետներում լուծում տալու համար։
Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա
